Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ռուսների ատելությունն ու Մաքսայինի վնասները

Ռուսների ատելությունն ու Մաքսայինի վնասները
10.09.2013 | 12:28

Մաքսային միությանը Հայաստանի միանալու Սերժ Սարգսյանի հայտնի հայտարարությունը դժգոհության ալիք է բարձրացրել Հայաստանի երիտասարդության և առաջադեմ մտածողների շրջանում: Այս մասին գրում են և ռուսական կայքերը: Որոշ ռուս վերլուծաբաններ էլ պարզապես ակնհայտ հեգնանքով են խոսում Հայաստանի մասին, նկատելով ՀՀ գործող նախագահի կողմից ինքնակամ Ռուսաստանի ձեռքում գործիք դառնալու փաստը` հիշատակված հայտարարության կոնտեքստում: Ռուս անկախ վերլուծաբանները, անշուշտ, գիտեն, ինչ երկրում են ապրում իրենք և ինչ չակերտավոր օգուտներ կարող է քաղել Ռուսաստանից Հայաստանի պես երկիրը:

Իսկ «օգուտները» բավականին խոսուն են: Այսօր աշխատող ռուսաստանցիների մեծամասնությունը այն կարծիքին է, որ պետք է սահմանափակել աշխատանքային միգրանտների մուտքը Ռուսաստան, քանի որ էմիգրացիան երկրին բերում է ավելի վնաս, քան օգուտներն են: Այս տարվա օգոստոսին Superjob.ru-ի Հետազոտությունների կենտրոնի արած սոցիոլոգիական հետազոտությամբ պարզվել է, որ ռուսաստանցիների մեջ վերջին վեց տարում կրճատվել է այն մարդկանց թիվը, ովքեր կարծում են, թե միգրացիան օգտակար է ռուսական տնտեսության համար: Այժմ նման կարծիքի է բնակչության ընդամենը 6 տոկոսը: Այդ թվում` ռուսաստանցիների 52 տոկոսը կարծում է, որ միգրանտները բարձրացնում են հանցագործությունների մակարդակը, այն դեպքում, երբ 2007-ին այդ կարծիքին էր միայն 34 տոկոսը: Նախորդ տարիների համեմատությամբ մեծացել է այն ռուսաստանցիների թիվը, ովքեր մեղադրում են միգրանտներին աշխատանքի շուկայում մրցակցություն ստեղծելու և տեղացիներից աշխատանք խլելու մեջ: Այդպես մտածողների թիվը 29-ից հասել է 36 տոկոսի: Հարցվածների մեկ երրորդն էլ կարծում է, թե աշխատանքի պետք է ընդունել առաջին հերթին ռուսներին և ռուսախոս հայրենակիցներին, իսկ այլ ազգությունների ներհոսքը Ռուսաստան պետք է սահմանափակել: 33 տոկոսը կողմնակից է այն բանին, որ Ռուսաստանի իշխանությունները աջակցեն միայն երիտասարդների և կրթություն ունեցողների ներհոսքը հարևան պետություններից:
Ռուսաստանի բնակչության կեսը դեմ է օտարերկրացիների ներգաղթին, և սա շնորհիվ պուտինյան քաղաքականության: Ռուսական սոցիոլոգիական կենտրոնները գուցե նման հարցումների կողքին դնեին ՌԴ-ում օտարերկրացիների նկատմամբ հետապնդման և նրանց սպանությունների վիճակագրական պատկերը: Ռուսաստանում գործող ֆաշիստական խմբավորումները ժամանակ առ ժամանակ դուրս են գալիս փողոցներ՝ հալածելու արտասահմանցիներին, իսկ հայտնի է, որ ոստիկանությունը, որպես չգրված օրենք, չի միջամտում նման հալածանքների դեպքում: Նման քաղաքականությունը հանգեցրել է ՌԴ բնակչության կեսի անհանդուրժողականությանը, հաճախ անթաքույց ատելությանը արտասահմանցիների, առանձնապես` հետխորհրդային երկրների քաղաքացիների նկատմամբ: Ահա թե ուր է, ըստ Սերժ Սարգսյանի, պատրաստ գնալ Հայաստանը մերժվածի թիկնոցը վրան:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1333

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ